Posted in 2021-2022 ուստարի, Հոդվածներ, թարգմանություններ

Ինքնաշեն ուսուցողական խաղեր. Տեխնոլոգիական հմտություններ   

Խաղը, որպես ակտիվ ուսուցման կազմակերպման ձև, լուծում է ուսումնական բոլոր խնդիրները՝ հատկապես կրտսեր տարիքում: Ուսուցման ընթացքում խաղի կիրառումը զարգացնում է սովորողների ուշադրությունը, օգնում է ակտիվացնել, քանի որ խաղալիս սովորողներն իրենց ազատ են զգում:  

Կրտսեր տարիքից պետք է զարգացնել սովորողների ստեղծականությունն ու երևակայությունը, ուշադրությունն ու մտածողությունը: Ինքնաշեն խաղերը լավագույն միջոցն են միասին խաղ ստեղծելու, սովորողներին համախմբելու, մասնակից դարձնելու համար: Խաղեր պատրաստելու ընթացքում սովորողների մոտ զարգանում է ուշադրության կենտրոնացումը, համագործակցելու, համբերատար լինելու կարողությունը:

Ինքնաշեն խաղերի ստեղծումը նպաստում է երևակայության, լեզվագործունեության, ստեղծագործական մտքի զարգացման, կառուցողական, տրամաբանական մտածողության, մաթեմատիկական գիտելիքների հարստացմանը:

Կրտսեր տարիքում ինքնաշեն խաղերը մեծ կարևորություն ունեն, քանի որ ինքնաշեն խաղերը զարգացնում են մտածելու, ուսումնասիրելու, օրինաչափություններ գտնելու, տարբեր նյութեր ճանաչելու ունակությունները:  

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում խաղերը պատրաստում ենք ամենատարբեր նյութերից՝ լվացքի ամրակներից, պլաստիկե բաժակներից, թղթից, ստվարաթղթից, բժշկական շպատելներից, պլաստիլինից, հյութի ձողիկներից, թափոններից, նույնիսկ կենցաղային իրերն ենք օգտագործում խաղեր պատրաստելու համար: Եվ ամենակարևորն այն է, որ սովորողներն իրենք են դառնում խաղի ստեղծողները: Ինքնաշեն խաղ պատրաստելուց առաջ սովորողներն առանձնացնում են, ընտրում խաղի ստեղծման համար անհրաժեշտ նյութերը, որից հետո կառուցում և արդյունքում խաղում իրենց պատարաստած խաղով ընկերների հետ:  Խաղը պատրաստելու ընթացքում սովորողները ծանոթանում են տարբեր կառուցվածք ունեցող առարկաների, կառուցողական խաղերի, երկրաչափական պատկերների առանձնահատկությունների հետ: 

Հրաշալի կառուցողական խաղեր են համարվում լեգոները, փայտե երկրաչափական պատկերները, որոնցով 5 տարեկանները ստեղծում են իրենց լեգո քաղաքները, ճանապարհները, շենքերը,…։   

Ինքնաշեն, կառուցողական խաղերի պատրաստումը նաև ներխուժել է ընտանեկան դպրոց. ներառել ենք նաև սովորողի ընտանիքի անդամներին. 

Արդյունքում սովորողներն իրենց խաղերով մասնակցել են Բնագիտատեխնիկական ստուգատես 2022-ին:

Ինքնաշեն, կառուցողական խաղեր պատրաստում ենք՝ կիրառելով տեխնոլոգիական հմտություններ, որի ընթացքում տարբեր առարկաների, պատկերների և իրերի օգնությամբ ստեղծում ենք ինքնաշեն խաղեր, կերպարներ: Հետևաբար սկզբում զարգացնում ենք սովորողների տեխնոլոգիական հմտությունները: Կատարում ենք նկարչական աշխատանքներ՝ գուաշով, յուղաներկով, մատիտով, տեխնոլոգիական աշխատանքներ՝ գունավոր թղթերով, մկրատով, սոսնձով, նաև զարգացնում ենք սովորողների մոտորիկան. աշխատում ենք կավով, պլաստիլինով, կատարում ենք թափոններով աշխատանքներ՝ օգտագործելով տուփեր, շշեր, շերեփներ, բնական նյութերով աշխատանքներ՝ փայտով, տերևներով, քարերով և այլն:    

Պատմեմ խմբասենյակում իրականացրած հետաքրքիր, ուսումնական աշխատանքների մասին:

Հրաշալի օրինակ է, երբ սովորողները սպիտակ գույնի թաղարների վրա յուղամատիտներով նկարեցին գարուն, հետո բույս տնկեցին գունավորած թաղարի մեջ և «Ձոն մայրիկին» նախագծի ընթացքում մայրիկների դիմանկարների հետ նվիրեցին իրենց ինքնաշեն թաղարները: Կարծում եմ՝ հրաշալի անակնկալ էր մայրիկների համար:  

Մեկ այլ օրինակ, երբ փայտե շերեփներով, կտորնեով և կոճակներով ինքնաշեն տիկնիկներ պատրաստեցինք: Արդյունքում մեր կենցաղային իրերից պատրաստած ինքնատիպ տիկնիկները մասնակցեցին տարբեր ծեսերի, դերային խաղերի:

Այսպիսի աշխատանքները սովորողների մեջ զարգացնում են հնարամտություն և ճաշակ: Տիկնիկները լինում են յուրօրինակ, անհատական, ինքնաշեն և հետաքրքիր:  

Ձմեռային ճամբարի ընթացքում սովորողները ինքնաշեն ամանորյա խաղալիքներ, կախազարդեր պատրաստեցին, այնուհետև գունավորեցին: Արդյունքում աշխատանքները զարդարեցին սովորողների ամանորյա եղևնիները:

Կրտսեր տարիքում սովորողները հատկապես շատ են սիրում աշխատել պլաստիլինով, կավով, խմորով: Կավը բնական նյութ է, որը կարևոր և դրական ազդեցություն է թողնում սովորողի առողջության, նյարդային համակարգի վրա։ Կավով աշխատանքները զարգացնում են սովորողների մոտորիկան, պատկերացումը, երևակայությունը:  

Պլաստիլինով աշխատանքները նման են կավագործությանը, բայց այս դեպքում գույների առկայությունը օգնում է կերպարներն առավել գունավոր, պատկերավոր դարձնել:

5 տարեկանների ստուգատեսի ընթացքում բնական նյութերից պատրաստեցինք անվնաս պլաստիլին և ծեփեցինք մրգեր, բանջարեղեն: Այսպիսի անշխատանքները զարգացնում են  պատկերացումը, երևակայությունը, զարգացնում ստեղծագործելու ունակությունը: Քանի որ սովորողները սկզբում պատկերացնում են միրգը, այնուհետև փորձում են ծեփել և կերպարի տեսք հաղորդել: 

Զվարճալի է նաև Թթուդրիկի ծեսը, երբ թթվի մթերքներով ինքնաշեն կերպարներ պատրաստեցինք, իսկ վերջում սովորողները համտեսեցին, կամ էլ այդպես դրեցին ապակե տարայի մեջ, որ թթվի:  

Կազմակերպում ենք նաև համագործակցային նախագծեր այլ դասարանների հետ, իրականացնում ենք «Սովորող-սովորեցնող» նախագիծը:

Սովորողների ինքաշեն, կառուցողական խաղերը, կերպարները հրապարակվում են դասարանական բլոգում, ենթակայքերում, սոցցանցերում, նաև կազմակերպում ենք անհատական կամ դասարանական ցուցահանդեսներ:

Հարկավոր է ուսումնական գործունեությունն իրականացնել խաղի օգնությամբ ու խաղի միջոցով, ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ կզարգանա 5 տարեկանների ինքնուրույնությունը, ինչ-որ նոր բան սովորելու, ինքնուրույն ստեղծելու ցանկությունը, հետաքրքրասիրությունը։

Leave a comment